Նորություններ«Արդյունավետ գիտաշխատող-2018» մրցույթի արդյունքները հայտնի են

08.06.2018
ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում անցկացված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթի արդյունքներով, որին հավակնել են շուրջ 300 գիտաշխատող, ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ղեկավարների ցուցակում տեղ են գտել Հայ-Ռուսական համալսարանի 7 ներկայացուցիչ (մրցույթի արդյունքներով ընտրվել է 105 գիտաշխատող)՝ ՀՌՀ-ի բազմավաստակ դասախոս, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանը, ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը, ՀՌՀ-ի նորաստեղծ Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն Հայկ Սարգսյանը, ՀՌՀ-ի նորաստեղծ Բիոբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը և ՀՌՀ-ի քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ (2016թ.-ից) Սերժիկ Ավետիսյանը և ՀՌՀ-ի նորաստեղծ Ինժեներաֆիզիկական ինստիտուտի Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի վարիչ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ Ուսումնական դեպարտամենտի տնօրեն (2004թ.-ից) Վազգեն Մելիքյանը:
 
Հիշեցնենք, որ մրցույթը վերաբերում է վերջին 10 տարիների ընթացքում առավել բարձր արդյունավետություն ցուցաբերած գիտնականներին: Ընտրությունը կատարվում է տարբեր չափանիշների հիման վրա, հաշվի են առնվում հրապարակումները, մենագրությունները, պաշտպանած թեկնածուական ատենախոսությունների ղեկավարումը, ստացած գիտական մրցանակները և արտոնագրերը, շահած դրամաշնորհների քանակը, գիտաժողովների մասնակցությունը և այլն: 
 
Մրցույթն ամենամյա է և իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: