ՆորություններՀանդիպում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Հայաստանի ներկայացուցչի հետ Հայ-ռուսական համալսարանում

18.10.2019
Հոկտեմբերի 18-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ համալսարանի ֆրանսախոս դասախոսների և ուսանողների հանդիպումը Երևանի ֆրանկոֆոն թվային կենտրոնի /ԵՖԹԿ/ ղեկավար տիկին Ռուզաննա Ղալթաղչյանի հետ:  
 
Նշենք, որ ԵՖԹԿ-ն Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության /ՖՀԳ/ պաշտոնական ներկայացուցչությունն է Հայաստանում:
 
Բանախոսը ներկաներին ծանոթացրեց ՖՀԳ-ի նպատակներին և գործառույթներին, ներկայացրեց այդ կառույցի հետ Հայ-ռուսական համալսարանի համագործակցության առաջնահերթություններն ու խնդիրները, համալսարանի դասախոսներին և ուսանողներին առաջարկվող բազմապիսի ծրագրերը:
 
Նա բացատրեց, որ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 50 տարի առաջ: Այն Ֆրանկոֆոնիայի օպերատորն է բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում: Այն ընդգրկում է 5 մայրցամաքների 111 երկրներում գործող ավելի քան 884 բարձրագույն ուսումնական և գիտական հաստատություններ: 2019 թվականի մայիսին Հայ-ռուսական համալսարանը նույնպես դարձել է այդ մեծ ընտանիքի ասոցացված անդամը: Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության առաքելությունն է խթանել միասնական համալսարանական ֆրանսախոս համայնքի ներգրավվածությունը հասարակությունների տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման գործընթացներում:
 
Այս տարածաշրջանում, որտեղ ֆրանսերենը օժտված չէ արտոնյալ կարգավիճակով, որտեղ սակայն գոյություն ունեն ֆրանսախոսության վաղեմի ավանդույթներ, ՖՀԳ-ի հիմնական մարտահրավերն է ստեղծել լեզվի գործնական կիրառությանը նպաստող համակարգեր: Գործակալության ջանքերը հիմնականում ուղղված են սատարելու ֆրանսերենով դասավանդմանը տարածաշրջանի համալսարաններում՝ դիտարկելով այն որպես միջբուհական համագործակցության հզոր խթան: ՖՀԳ-ն կենտրոնացնում է իր ջանքերը մասնագիտական աշխարհի հետ գործընկերային հարաբերություններ ստեղծելու և ամրապնդելու, ինչպես նաև երիտասարդների զբաղվածությանը նպաստելու գործում: Բացի այդ, ՖՀԳ-ն ունի հարուստ փորձագիտական ցանց անդամ-հաստատություններում, պետական մակարդակով համագործակցում է գիտության և բարձրագույն կրթության ոլորտում լայնածավալ գործունեություն իրականացնող սուբյեկտների հետ:
 
Հանդիպման վերջում տիկին Ղալթաղչյանը պատասխանեց դասախոսների և ուսանողների հարցերին: Հուսանք, որ ՖՀԳ-ի հետ Հայ-ռուսական համալսարանի համագործակցությունը շատ արդյունավետ և բազմավեկտոր է լինելու: