ՆորություններՀՌՀ-ն ` «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ի գործընկեր

25.08.2018
Հայ-Ռուսական համալսարանն այս տարի հանդես է եկել որպես «Սևան Ստարտափ Սամմիթ 2018» (հուլիսի 22-29) ոչ ֆորմալ ստարտափ հավաքի հովանավոր և գործընկեր:

Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 26-ին Հայ-Ռուսական համալսարանն և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակներն են Հայաստանում և արտերկրում բիզնես գործունեության հետ կապված տեղեկատվության ու փորձի փոխանակում, Սփյուռքի և Հայաստանի երիտասարդության ներգրավումն և մասնակցությունը ստարտափ-միջոցառումներին և այլն:

Այս տարի միջոցառմանը մասնակցել է շուրջ 1000 ձեռներեց 35 երկրից, այդ թվում՝ 120 ստարտափ թիմ, ներդրող, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչ, մենթոր և բիզնես-փորձագետ։ 

Հայ-Ռուսական համալսարանի կողմից սահմանված մրցանակը բաժին է հասել երիտասարդ ավիաինժեներ Բագրատ Ռաշոյանին: Նրա կողմից ստեղծած անօդաչու սարքը կարող է թռչել մոտ 2,5 ժամ՝ ի տարբերություն այլ սովորական քաղաքացիական մոդելների, որոնք օդում կարող են մնալ առավելագույնը մեկ ժամ:

««Spectre Aerospace» մոդելի անօդաչու թռչող սարքը վեր է բարձրանում հրթիռի պես ուղղահայաց դիրքից և կարող է հավաքել մինչև 80 կմ/ժ արագություն։ Մոդելը կարող է թռչել -25–ից մինչև +40 ջերմաստիճանի տակ՝ մինչև 12 կմ/ժ քամու դեպքում։ Մոդելները դեռևս պատրաստում են քաղաքացիական օգտագործման համար։ Բացի այդ՝ այդ անօդաչու սարքի վրա կարելի է տեղադրել այնպիսի սենսոր, որի օգնությամբ կարելի է, օրինակ, բույսերում քլորոֆիլի քանակը հաշվարկել կամ ջրատար խողովակների կամ գետնի տակի կոյուղու ճեղքվածքները կամ երկաթուղու վիճակը գրանցող սենսոր և այլն»,- շեշտեց նա:

Բագրատ Ռաշոյանը մինչև 9 տարեկանն ապրել է Հայաստանում, սակայն հետագայում նրա ընտանիքը մեկնել է արտերկիր: Այնտեղ նա ավարտել է դպրոցը, այնուհետև`Մանչեսթերի համալսարանը, որից հետո վերադարձել հայրենիք։ Հայաստանում նա հիմնադրել է «Aerospace» ստարտափը և արդեն երեք տարի աշխատում է անօդաչու սարքերի ստեղծման վրա: Այդ գործում նրան օգնում են սովորական դպրոցականները, որոնք ուզում են փորձել իրենց ուժերն ավիամոդելիզմի ոլորտում։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ի աշխատանքներին ներգրավված է եղել նաև Հայ-Ռուսական համալսարանի կամավորական թիմը, որի կազմում էին Աննա Հովհաննիսյանն («Նախագծերի ղեկավարում», մագիստրոս, 1-ին կուրս), Նատալի Այվազյանը («Լեզվաբանություն», 3-րդ կուրս), Զարինա Ստեփանյան («Գովազդ և PR», 2-րդ կուրս), Ռուզաննա Սարգսյանը («Տնտեսագիտություն», 4-րդ կուրս), Մելինե Հովհաննիսյանը («Կառավարում»,  3-րդ կուրս)՝ ՀՌՀ-ի Կարիերայի կենտրոնի ղեկավար Լուսինե Սարիբեկյանի գլխավորությամբ:

«Շատ կարևորում եմ Հայաստանում նմանատիպ միջոցառումների անցկացումը: Կազմակերպիչները հսկայական աշխատանքներ էին տարել «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը պատշաճ մակարդակով անցկացնելու համար», - նշեց Լուսինե Սարիբեկյանը՝ հավելելով, որ ՀՌՀ-ի և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև համագործակցության շրջանակներում ՀՌՀ-ում ստեղծվելու է Ստարտափ ակումբ:

Իր հերթին՝ Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտ, «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ի կազմակերպիչ և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանը շեշտեց, որ վերոնշյալ միջոցառումն արդեն դուրս է եկել միջազգային ասպարեզ (Ստարտափ Սամմիթն անցկացվել է նաև ԱՄԷ-ում և Հնդկաստանում, իսկ առաջիկայում՝  Իսպանիայում և Ավստրալիայում):

«Հայ-Ռուսական համալսարանն առաջին ԲՈւՀ-ն է, որը դարձավ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հովանավոր: Շատ ուրախ եմ այս նոր համագործակցության համար: Ուզում եմ նաև ընդգծել, որ ՀՌՀ-ն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում ստարտափ-էկոհամակարգերի զարգացման գործին: Առաջիկայում մենք ՀՌՀ-ի հետ համատեղ ծրագրում ենք կյանքի կոչել մի շարք հետաքրքիր մտահաղացումներ»,- հայտնել է նա:
 
«Սևան Ստարտափ Սամմիթը» ամենամյա ոչ ֆորմալ ստարտափ հավաք է: Այն աշխարհում եզակի միջոցառում է իր ֆորմատով, որն առաջին անգամ իրականացվել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից 2016թ. ամռանը Սևանա լճի ափին: Սամմիթի ընթացքում ստարտափներով հանդես եկող թիմերը (գաղափարի շուրջ հավաքված մարդկանցից, մինչև հաջողության հասած ստարտափներ) հնարավորություն են ունենում օրեր շարունակ շփվել, ծանոթանալ ինչպես միմյանց, այնպես էլ Հայաստանից և արտերկրից հրավիրված տարբեր ձեռնարկատերերի, մասնագետների և բանախոսների, բարձրակարգ ծրագրավորողների և ներդրողների հետ: Սամմիթի ընթացքում տեղի են ունենում տարաբնույթ դասախոսություններ, թրեյնինգներ, ստարտափ մրցույթներ, հաքաթոններ, հաջողության պատմությունների և փորձի վրա հիմնված քննարկումներ և լսումներ, ժամանցային ծրագրեր: