ՆորություններՀՌՀ-ում բացվել է մաթեմատիկոս Գառնիկ Կարապետյանի անվան լսարանը

04.02.2019
Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել հայտնի գիտնական, մաթեմատիկոս լուսահոգի Գառնիկ Կարապետյանի անվան լսարանի բացման արարողությունը:
 
«Այս լսարանը մենք ուղղակի պարտավոր ենք պահել որպես Գառնիկ Կարապետյանի շունչը և ներկայությունը մշտապես հավաստող լսարան: Նա կենսուրախ, աշխույժ մարդ և պրոֆեսիոնալ մասնագետ էր, որն ապրում էր իր գործով: Մարդու լավագույն գնահատականը դա աշակերտների երախտապարտ լինելն է: Գառնիկ Կարապետյանը հազարավոր երախտապարտ աշակերտներ ունի, որոնք իրենց կյանքով մեկ ամբողջությամբ կտանեն Գառնիկի ոգին և բոլորդ բացարձակ համոզված եղեք, որ Գառնիկը կա և ապրում է իր աշակերտներում»,- նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
 
Գառնիկ Կարապետյանի անվան լսարանի բացմանը ներկա էին նրա բազմաթիվ ուսանողները, ընկերները, կոլեգաները և հարազատները:
 
ՀՌՀ-ի գլխավոր գիտական խորհրդատու Էդուարդ Ղազարյանի խոսքով՝ Գառնիկ Կարապետյանը շատ նվիրված էր դպրոցին և իր աշակերտներին: «Նա ապրում էր իր ուսանողներով, նվիրյալ էր ուղնուծուծով: Նրանց ամեն մի հաջողությունը համարում էր իր հաջողությունը և հպարտանքը: Մասնագետի համար դա երջանկություն է, երբ նա տեսնում է իր աշակերտների հաջողությունները»,- շեշտել է նա:
 
Իր հերթին ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանը ասել է հետևյալը. «Կա մի կարծիք, որ անփոխարինելի մարդիկ չկան. Գառնիկ Կարապետյանն անփոխարինելի էր...Այնուամենայնիվ, կյանքը չի ավարտվում մահով, մենք շատ սխալ ենք վերաբերվում այդ ամենին, մարդը մահանում է այն պահին, երբ նրան այլևս հիշող չկա»:
 
Գառնիկ Կարապետյանը երկար տարիներ եղել է Հայ-Ռուսական համալսարանի Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչը, մեկ տարի առաջ նշանակվել էր ՀՌՀ-ի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն:
 
Նա միջազգային կարգի մասնագետ էր մաթեմատիկական անալիզի, դիֆերենցիալ հավասարումների, մաթեմատիկական ֆիզիկայի, մաթեմատիկական մոդելավորման ոլորտում։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների, այդ թվում` Անանիա Շիրակացու մեդալի։
 
Գառնիկ Կարապետյանը բազմաթիվ ուսումնամեթոդական ձեռնարկների, գիտական հոդվածների հեղինակ է, հեռուստատեսությամբ վարել է դպրոցականների համար նախատեսված «Բաց դաս» կրթական հաղորդումների շարքը: