ՆորություններՀՌՀ-ում կայացել է «Աշխատանքային իրավունք» թեմայով սեմինար-քննարկում

20.09.2018
«Տնտեսագետների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Արայիկ Այվազյանը ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը սեպտեմբերի 20ին Հայ-Ռուսական համալսարանում անցկացրել են «Աշխատանքային իրավունք» թեմայով սեմինար-քննարկում, որի ընթացքում ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատողի և գործատուի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև անդրադարձել աշխատող-գործատու իրավահարաբերություններին:
 
«Օրենքի համաձայն լրիվ դրույքով աշխատանքի դեպքում անձն աշխատում է 8 ժամ (շաբաթական 40 ժամ): Պետք է հիշել, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորող դրույթները սահմանվում են բացառապես աշխատանքային պայմանագրերով և բանավոր պայմանավորվածություններն իրավական ուժ չունեն: Ինչ վերաբերում է արտաժամյա աշխատանքին, ապա օրենսդրության համաձայն՝ արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար գործատուն պարտավոր է վճարել ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով հավելում»,- հայտնել է «Տնտեսագետների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Արայիկ Այվազյանը՝ հավելելով, որ 40-ժամյա աշխատանքային շաբաթի դեպքում ժամային նվազագույն դրույքաչափը 330 դրամ է:
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը խոսքով՝ առանց աշխատանքային պայմանագրի աշխատողը չի կարող իրականացնել սեփական իրավունքների պաշտպանությունը:
 
«Աշխատանքային իրավահարաբերությունները կարող են ծագել միայն կողմերի միջև կնքված համապատասխան պայմանագրի առկայության պարագայում, քանի որ դրանով են կարգավորվում աշխատողի վարձատրության չափը, աշխատաժամանակը, արձակուրդի տրամադրման կարգը և այլն»,- նշել է նա՝ հավելելով, որ փորձաշրջան անցնելու դեպքում էլ անպայման պետք է կնքվի պայմանագիր, քանի որ եթե տվյալ անձն այդ ընթացքում չհամապատասխանի գործատուի պահանջներին, ապա վերջինս իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը:
 
«Աշխատանքային իրավունք» թեմայով սեմինար-քննարկման ավարտին բանախոսները պատասխանել են նաև ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական ու վարչական կազմի ներկայացուցիչների և ուսանողների բազմաթիվ հարցերին: