ՆորություններՀՌՀ-ում ներկայացվել է Եվրոպայի խորհրդի HELP կրթական ծրագիրը

04.10.2019
Հայ-Ռուսական համալսարանում հոկտեմբերի 4-ին կայացել է Եվրոպայի խորհրդի HELP ծրագրի (Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար) հեռավար ուսուցման դասընթացի շնորհանդեսը:
 
Հայ-Ռուսական համալսարանի քրեական և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի վարիչ Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին միջոցառմանը ներկա գտնվելու և HELP ծրագրի ներկայացման համար:
 
Հանդիպումը կազմակերպել է ՀՌՀ-ի Քրեական և քրեական դատավարության իրավունքի ամբիոնը:
 
ԵԽ HELP ծրագրի ղեկավար Աննա Մեդարսկա-Լազովան հանդիպման մասնակիցներին ներկայացրել է HELP ծրագիրը և դրա առանձնահատկությունները: «Շատ ուրախ ենք, որ Ձեր համալսարանը հետաքրքրված է այս ծրագրով: Պետք է նշեմ, որ HELP հեռավար ուսուցման դասընթացից օգտվողների քանակն այս պահի դրությամբ գերազանցել է 40 հազարը, իսկ ծրագրով առաջարկվող թեմաների քանակը մինչև տարեվերջ կհասնի 35-ի: Այս ծրագրի շրջանակներում մենք համագործակցում ենք Գլազգոյի, Լիվերպուլի, Ուկրաինայի երկու համալսարանների, Բելգրադի և Տիմիշոարայի համալսարանների հետ»,- նշել է նա՝ հավելելով, որ HELP ծրագրի նպատակն է դառնալ ԵԽ կողմից իրականացվող իրավական ոլորտի բոլոր վերապատրաստումների համար հիմնական միջոց:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դասընթացին առնչվող գործնական տարաբնույթ հարցեր:
 
Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի HELP ծրագիրը Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետություններում դատավորների, դատախազների և փաստաբանների վերապատրաստման ազգային ինստիտուտների միակ համաեվրոպական ցանցն է: Մարդու իրավունքների վերաբերյալ էլեկտրոնային ուսուցման հարթակ է:
 
HELP-ը մեկնարկել է 2012թ.-ին՝ որպես ԵԽ 12 պիլոտային անդամ պետությունների դատավորներին ուղղված ծրագիր, որը սկզբում մինչև 2015թ. դեկտեմբերը ֆինանսավորվում էր Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից: Իսկ 2013թ.-ին դրանում ներառվեցին նաև դատախազները և փաստաբանները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունները: