ՆորություններԻսկական պրոֆեսիոնալ դառնալու համար շփվեք լավագույնների հետ. Եվգենիա Էվոյան

09.11.2017
Հայ-Ռուսական համալսարանում այսօր՝ նոյեմբերի 9-ին, հյուրընկալվել է մեր համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտ Եվգենիա Էվոյանը:
 
ՀՌՀ-ի 20-ամյակի կապակցությամբ ընթացիկ տարվա հունիսից մեկնարկել է «Հաջողության պատմություն» դասախոսությունների շարքը, որի ընթացքում տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած մեր շրջանավարտները ուսանողներին ներկայացնում են հաջողության հասնելու իրենց «բանաձևը»:
 
Ներկայացնելով իր անցած ուղին՝ մեր համալսարանի շրջանավարտ Եվգենիա Էվոյանը շեշտել է, որ յուրաքանչյուր անձ իր մեջ պետք է ձևավորի ժամանակի ճիշտ կառավարման հմտությունը (time management), քանի որ առանց դրա ցանկացած աշխատանք կձախողվի: «Երբ ես աշխատում էի ՆԱՍԴԱՔ Արմենիայում, ստեղծվել էր մի իրավիճակ, երբ իմ ղեկավարած  դեպարտամենտում միայն ես էի մնացել (կրճատումներ էին եղել): Սկզբնական շրջանում շատ դժվար էր, սակայն ժամանակի ճիշտ բաշխման շնորհիվ ես շատ շուտով կարողացա հաղթահարել դժվարությունները»,- նշել է նա:
 
Մարքեթինգի և գովազդի ոլորտի մասնագետ Եվգենիա Էվոյանը խորհուրդ է տվել ուսանողներին ակտիվորեն մասնակցել իրենց հետաքրքրող ոլորտի առաջատար ընկերությունների կողմից կազմակերպվող ստաժավորման ծրագրերին, ձեռք բերել իրական աշխատանքային փորձ և նոր կարևոր հմտություններ: «Հիշեք, որ միայն լավագույնների հետ աշխատելով ու շփվելով Դուք կդառնաք ձեր ոլորտի իսկական պրոֆեսիոնալներ»,- ընդգծել է Եվգենիան՝ հավելելով, որ ուսանողները պետք է լինեն ակտիվ, շփվող և չբարդույթավորվեն ոչ մի բանից:
Նա նաև ուսանողներին է ներկայացրել իր «Грезы о невесомости» գիրքը, որը նա գրել է  Հայ-Ռուսական համալսարանում ուսանելու տարիներին: Գրքի շնորհանդեսը տեղի էր ունեցել նոյեմբերի 4-ին Բյուրոկրատ գրախանութում:
 
Դասախոսության ավարտին Եվգենիա Էվոյանը պատասխանել է ուսանողների հարցերին: 
 
Նշենք, որ մեր համալսարանի շրջանավարտ Եվգենիա Էվոյանն ավելի քան 10 տարի աշխատել է հանրային կապերի և մարքեթինգի ոլորտում: Նա յոթ տարի աշխատել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում որպես մարքետինգի ու հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն և ԶԼՄ-երի հետ հաղորդակցման պատասխանատու, տնտեսական ոլորտի վերաբերյալ հոդվածներով հանդես է եկել Review и Forbes Armenia բիզնես-ամսագրերում, անցել է վերապատրաստում Chartered Institute of Marketing (London, UK)-ում, ստեղծել է սեփական EVE կաշվե աքսեսուարների և հեղինակային մետաքսե գլխաշորերի անհատական հավաքածուն: Նա երեք տարի առաջ մեկնել է Կիև(Ուկրաինա), Kyiv Academy of Media Arts-ում անցել է գովազդի գծով վերապատրաստում Art Direction ծրագրով, այնուհետև ուսումը շարունակել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում(հրատարակչական գործ): Այժմ Եվգենիան զբաղվում է բրենդինգով և դիզայնով, երեք երեխաների մայր է:
 
 
 
Հենրիխ Մարգարյան