ՆորություններԼուսանկարելիս պետք է գիտակցել դիմացինի «ես»-ի էությունը. Սուրեն Մանվելյան

15.11.2017
Հայ-Ռուսական համալսարանի Լուսանկարչական ակումբի հրավերով այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՌՀ Մշակույթի տանը տեղի է ունեցել ամենահայտնի և փորձառու հայ լուսանկարիչներից Սուրեն Մանվելյանի «Դիմանկար» թեմայով դասախոսությունը:
 
«Lուսանկարելիս դուք պետք է գիտակցեք ձեր առջև կանգնած  մարդու «ես»-ի էությունը: Դիմանկարի միջոցով դու ցույց ես տալիս մարդու ներքին էությունը, նրա «ես»-ի արտացոլանքը: Իսկ դա անել առանց այդ անձի տեսակը, բնավորությունը հասկանալու, ուղղակի անհնար է»,- նշել է Մանվելյանը՝ հավելելով, որ լուսանկարչի ֆոտոխցիկի «ֆոկուս»-ը պետք է միշտ ուղղված լինի մարդու աչքերին, քանզի մարդու մարմնի հենց այդ հատվածն է անհատի էության բնութագրական-բացահայտող մասը:
Նա շեշտել է, որ դիմացինի «ես»-ը լավ հասկանալու համար պետք է գիտակցել սեփական «ես»-ը: «Դուք պետք է հետաքրքրվեք տվյալ անձի սիրված զբաղմունքներով, ֆիլմերով, գրքերով, հասկանաք նրա բնավորության գծերը: Դուք պետք է, այսպես ասած, հիանաք այդ անձով, որպեսզի դուք շատ հստակ պատկերացում ունենաք, թե ի՞նչ ոճի հագուստներով, ի՞նչպիսի վայրում և ի՞նչպիսի թեմատիկայում եք իրականացնելու ձեր ֆոտոսեսսիան»,- պարզաբանել է Սուրեն Մանվելյանը` ընդգծելով, որ ֆոտոսեսսիայի ընթացքում արված հարյուրավոր լուսանկարներից, որպես կանոն, միայն մեկն է ստացվում նախապես մտացածի պես, ինչը միանգամայն նորմալ երևույթ է:
 
Սուրեն Մանվելյանի դիտարկմամբ՝ անվանի մարդկանց հետ աշխատելիս նախևառաջ պետք է շատ լավ ծանոթ լինել նրանց գործունեությանը: «Գրեթե միշտ հայտնի անձանց  հետ աշխատելու բավական քիչ ժամանակ է տրված լինում: Անշուշտ՝ հայտնի անձանց հետ աշխատելն ավելի հեշտ է, քանի որ նրանց ներքին էությունը անընդհատ «դուրս է հորդում» իրենցից և դա հեշտացնում է լուսանկարչի աշխատանքը: Սակայն, եթե դու նախապես  չուսումնասիրես տվյալ մարդու գործուենությունը, չծանոթանաս նրա արված աշխատանքներին, ապա քո լուսանկարներում դու չես կարողանա ցույց տալ այդ մարդու ներքին էությունը»,-ասե է նա՝ նշելով, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մայա Պլեսեցկայայի ֆոտոսեսսիայից առաջ ինքը դիտել է նրա գրեթե բոլոր բեմական ելույթների տեսանյութերը:
 
Սուրեն Մանվելյանի լուսանկարները տպագրվել են հայկական և միջազգային բազում ամսագրերում ու թերթերում։ Նրա վերջերս հրապարակված «Քո գեղեցիկ աչքերը» վերնագրով աչքերի լուսանկարների շարքը և նմանատիպ «Կենդանիների աչքերը» շարքը համացանցում միլիոնավոր դիտումներ ունեն։ Այդ լուսանկարները հրապարակվել են National Geographic, Yahoo!, Die Zeit, The Sun, Daily Mail, The Independent, Telegraph, La Republica, Liberation, Guardian, Wired, Huffington Post, Wedemain, The Shortlist, DT Magazine, MAXIM և տարատեսակ այլ ամսագրերում։
 
Հենրիխ Մարգարյան