ՆորություններՄեքսիկական ֆերմաների օդը մաքրում են հայկական օզոնատորները

11.04.2018
Հայ-Ռուսական  համալսարանում հյուրընկալվել են Plasma Physics and Technologies ստարտափի հիմնադիրներ Ռազմիկ Արամյանն, Վաղարշակ Հակոբյանը և Գոհար Հովհաննիսյանը։
 
Ապագա ֆիզիկոս Ռազմիկ Արամյանը նշել է, որ իրենց ընկերությունը զբաղվում է պլազմային ֆիզիկայի ուսումնասիրությամբ և սարքավորումների ստեղծմամբ, իսկ օդային օզոնատորը PTT ընկերության առաջին արտադրանքն է: «Մեր սարքը կիրառելի է ֆերմերային տնտեսություններում, միջոցառումների համար նախատեսված դահլիճներում, հասարակական զուգարաններում, բնակելի տներում և ավտոմեքենաներում:  Oդային օզոնատորի հիմնական առավելություններից մեկն այն է, որ սարքը տվյալ տարածքում կարող է էապես նվազեցնել բակտերիաների և վիրուսների ակտիվությունը, իսկ ձմռանն այն կարող է այլընտրանք լինել բացված պատուհաններին»,- շեշտել է նա:
 
Նրա խոսքով՝ իրենց պատրաստած օզոնատորն ավելի մատչելի է, քան այլ երկրներում արտադրվող նմանատիպ սարքերը: «Մեր սարքը երկու անգամ ավելի էժան է՝ ի շնորհիվ օզոնի սինթեզի մեթոդիկայի փոփոխության: Ընդհանրապես՝ ի տարբերություն հոտերի դեմ օգտագործվող այլ միջոցների, որոնք միայն հաճելի հոտ են սենյակ լցնում, օզոնը քայքայում է հոտի մոլեկուլները»,- հայտնել է Ռազմիկ Արամյանը:
 
Անցած տարվա ընթացքում PTT ստարտափի օզոնատորները հաջող փորձարկում են անցել մեքսիկական խոզաբուծական ֆերմաներում: «Մեքսիկացի ֆերմերները և այնտեղի աշխատակիցները գոհ են, քանի որ տհաճ հոտերի բացակայությունը հեշտացնում է իրենց աշխատանքը, իսկ խոզերն ավելի պաշտպանված են ախտածին մանրէներից»,- հավելել է Արամյանը: