ՆորություններՆախագահ Արմեն Սարգսյանի այցը Հայ-Ռուսական համալսարան

06.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն հունիսի 5-ին այցելել է Հայ-Ռուսական համալսարան: Բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի ու Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել համալսարանում, եղել է համալսարանի մարզական համալիրում, զրուցել այնտեղ մարզվող ուսանողների հետ, ինչպես նաև ծանոթացել լաբորատորիաների հնարավորություններին:
 
Շրջայցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել բուհի ղեկավարության, համալսարանի ինստիտուտների տնօրենների և վարչական կազմի հետ: ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը ներկայացրել է համալսարանի ձեքբերումները, կրթական ծրագրերը, զարգացման հեռանկարները, խոսել աշխարհի մի շարք երկների համալսարանների հետ ձևավորված համագործության մասին: Նա նշել է, որ բուհը մեծ կարևորություն է տալիս գիտական բաղադրիչին, եւ գիտական ու ակադեմիական շրջանակների հետ արդեն բավականին արդյունավետ գործակցություն է ձևավորվել:
 
Նախագահը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների առնչությամբ, կարևորել գիտական ուղղությունների զարգացումը՝ պատրաստակամություն հայտնելով նաեւ հնարավորինս աջակցել իրականցվող ծրագրերին:
 
Նախագահ Արմեն Սարգսյանն նաև ներկա է գտնվել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Ես դառնում եմ դեսպան» ամենամյա միջոցառմանը ՀՌՀ-ում, հանդես եկել ողջույնի խոսքով:

«Եթե խոսում ենք ժամանակակից երկրի մասին, ապա անպայման պետք է մտածենք եւ գիտակցենք, որ ժամանակակից երկիրը դա ժամանակակից կրթությունն է: Եթե խոսում ենք հզոր և զարգացած Հայաստանի մասին, ապա անպայման հասկանում ենք, որ դա նախ եւ առաջ ժամանակակից ու զարգացած կրթությունն է: Եվ Հայաստանը չի կարող ունենալ 21-րդ դարում նոր ծրագրեր, չի կարող ունենալ փայլուն ապագա եւ նոր նախաձեռնություններ, եթե չունենար այդ հիմքը, որը կոչվում է մասնագետներ, կրթված ու նվիրյալ քաղաքացիներ»,- նշել է նախագահը:
 
Արմեն Սարգսյանի խոսքով՝ տաղանդները գիտության մեջ, արվեստում, սպորտում չեն ծնվում միայն Երևանում և Երևանի կենտրոնում, ծնվում են գյուղերում, քաղաքաներում եւ շատ հաճախ՝ ամենահեռավոր գյուղերում: «Եվ այստեղ է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր շատ կարևոր գործն է անում՝ կրթությունը տանելով դեպի հեռավոր անկյուններ, կրթությունը տանելով մեր տաղանդավոր երեխաներին, ովքեր, ցավոք, դեռևս այդ հնարավորությունը չունեն»,-ընդգծել է նախագահը: Նա երախտագիտություն է հայտնել եւ շնորհավորել նախաձեռնության հեղինակներին ու մասնակիցներին կատարված փայլուն աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել: