ՆորություններԷյջի Տագուչիին շնորհվել է ՀՌՀ-ի Պատվավոր դոկտորի կոչում

16.05.2018
Հայ-Ռուսական համալսարանում հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:
 
ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանն ի սրտե շնորհակալություն է հայտնել Էյջի Տագուչիին Հայաստանում և մասնավորապես Հայ-Ռուսական համալսարանում ճապոնագիտությունը կայացնելու համար: «Պարոն դեսպան մեր համալսարանի ուսանողները կրթական փոխանակման ծրագրերով ուսանում են Ճապոնիայի առաջատար ԲՈւՀ-երում, երկու ամիս առաջ ՀՌՀ-ում բացվեց «Ճապոներեն լեզվի և մշակույթի» կենտրոնը: Եվ այդ ամենում ձեր անձնական ներդրումը շատ մեծ է», - նշել է նա՝ հույս հայտնելով, որ Էյջի Տագուչին հաճախ կայցելի Հայաստան:
 
«Ուղիղ երեք տարի առաջ, երբ նշանակվեցի դեսպան, ինձ համար առաջնահերթ խնդիր դրեցի, որ Հայաստանում պետք է լայն տարածում գտնի ճապոներեն լեզվի ուսուցումը: Համոզված եմ, որ Հայաստանում ճապոներենի որակյալ մասնագետների առկայությունը մեծ դեր է ունենալու հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման գործում», - շեշտել է Էյջի Տագուչին:
 
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին ՀՌՀ-ի Պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը: