Նորություններ«Թվային Հայաստան» հիմնադրամը ՀՌՀ-ում ներկայացրել է գործունեության հիմնական ուղղությունները

05.03.2018
Հայ-Ռուսական համալսարանում հյուրընկալվել են «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը, հիմնադրամի թվային ռազմավարության մշակման և իրականացման փորձագետ Անահիտ Պարզյանը  և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (ԷԿԵՆԳ) տնօրեն Արթուր Խաչատուրյանը:
 
«Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն և իրականացված աշխատանքները, որոնք ուղղված են պետական կառավարման բոլոր ոլորտներում էլեկտրոնային համակարգերի զարգացմանը: «Ընդհանուր առմամբ՝ մեր հիմնադրամի ծրագրերը իրականացնելու ենք վեց հիմնական ուղղություններով՝ պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում, ենթակառուցվածքների զարգացում, կիբերանվտանգություն, ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում և թվային հմտությունների զարգացում»,- նշել է նա՝ հավելելով, որ վերոնշյալ ծրագրերի իրագործումը նպաստելու է նաև միջազգային ինդեքսներում Հայաստանի ցուցանիշների բարելավմանը:
 
Նա շեշտել է, որ իրենց կարևորագույն նպատակներից մեկն է պետության և մասնավոր հատվածի կողմից տրամադրվող բոլոր ծառայությունների թվայնացումը: «Թղթային ծառայությունները պետք է խիստ սահմանափակել: Մենք նաև պետք է հասնենք նրան, որ բիզնեսն այլևս շփում չունենա «չինովնիկի» հետ և կարողանա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալ միայն էլեկտրոնային եղանակով»,- ընդգծել է Էդուարդ Ներսիսյանը:
 
Իր հերթին ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը նշել է, որ թվայնացումը պետք է «ներխուժի» ՀՀ քաղաքացու հանրային կյանքի բոլոր հատվածներ: «Մենք պետք է նպատակ ունենանք թվայնացման գործընթացն իրականացնել բոլոր ոլորտներում և չկենտրոնանանք միայն մի քանի ուղղությունների վրա»,- ասել է նա:
 
Հանդիպման ընթացքում ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանն և «ԷԿԵՆԳ» ՓԲԸ տնօրեն Արթուր Խաչատուրյանը քննարկել են նաև երկկողմանի համագործակցության և ուսանողների ներգրավվածության հնարավորությունները Հիմնադրամի և ԷԿԵՆԳ-ի ծրագրերում: