Մեր մասինՊատմություն

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Հայ-Ռուսական համալսարանը հիմնադրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև Մոսկվայում ստորագրված «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի» հիման վրա: 1997 թվականի նոյեմբերի 28-ին ընդունվել է ՀՀ կառավարության թիվ 543 որոշումը Երևանում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման մասին: Այնուհետև հրապարակվել է ՌԴ ընդհանուր և մասնագիտական կրթության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության 1998 թվականի հուլիսի 1-ի թիվ 1769/170-Մ Համատեղ հրամանը Հայաստանի Հանրապետությունում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան հիմնադրելու մասին: 2003 թվականի ապրիլի 23-ին Մոսկվայում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է փաստաթուղթ 1997 թվականի օգոստոսի 29-ի` «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև կնքված «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածում ասված է.
«Համալսարանի հիմնական խնդիրներն են.

  • անձի կրթական պահանջների բավարարումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների` հումանիտար, բնագիտական, տնտեսագիտական, իրավաբանական ուղղվածության գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումը,

  • ՌԴ և ՀՀ գիտամանկավարժական կադրերին համալսարանի գործունեությանը ներգրավելով` երկու պետությունների գիտական և կադրային ներուժի զարգացմանը խթանելը,

  • առաջատար գիտամեթոդական տեխնոլոգիաների կիրառումը, ՌԴ և ՀՀ կրթության ու գիտության բնագավառում կուտակված ձեռքբերումների և փորձի օգտագործումը,

  • երկու պետությունների ժողովուրդների մշակույթի, լեզվի, պատմական և ազգային ավանդույթների պահպանմանը, զարգացմանը և փոխհարստացմանը նպաստելը»:

Համալսարանը ՌԴ և ՀՀ համատեղ վարման բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն է և ունի ՌԴ և ՀՀ պետական բուհի կարգավիճակ: ՌԴ կրթության նախարարության կողմից համալսարանն արտոնագրվել է 2000 թվականի հունիսի 27-ին (արտոնագրի համար` 24Գ-1083, արտոնագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2009 թվականը) և 2004 թվականի օգոստոսի 5-ին (արտոնագրի համար` A-161073), ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից` 2004 թվականի մարտի 15-ին (արտոնագրի համար` 264): 2005 թվականի ապրիլի 29-ին համալսարանը հավատարմագրվել է ՌԴ կրթության և գիտության նախարարության կողմից (պետական հավատարմագրման մասին ՎN 000434 վկայական): 2010 թ. համալսարանը ստացել է նոր արտոնագիր(19.01.2010թ.) և հավատարմագիր (25.05.2010թ.): 2011 թ. ՀՌՀ-ն ստացել է անժամկետ արտոնագիր: Մանրամասն ...

Համալսարանն իրավաբանական անձի իրավունքներով, սեփական անվանումով ինքնուրույն սուբյեկտ է, որն ունի ՌԴ և ՀՀ պետական զինանշաններով կնիք, դրոշմ, ինքնուրույն հաշվեկշիռ, հիմնադիրների կողմից նրան ամրագրված պետական գույքի օպերատիվ կառավարման իրավունք, ինչպես նաև ՀՀ օրենքներով և նորմատիվ ակտերով ամրագրված հողային տարածքների անհատույց և անժամկետ օգտագործման իրավունք:

Համալսարանի հիմնադիրների իրավասություններն իրականացնում են ՌԴ և ՀՀ կրթության և գիտության նախարարությունները:

Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով ՌԴ և ՀՀ սահմանադրություններով, ՌԴ օրենքներով` ՌԴ «Կրթության մասին» օրենքի 1996 թվականի հունվարի 13-ի N 12-ՖԶ Դաշնային օրենքի խմբագրությամբ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 1996 թվականի օգոստոսի 22-ի N 125-ՖԶ Դաշնային օրենքով, «Գիտության և պետական գիտատեխնիկական քաղաքականության մասին» 1996 թվականի 23-ի N 127-Փ3 Դաշնային օրենքով, 1999 թվականի ապրիլի 14-ի «Կրթության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ օրենսդրական ակտերով, ՌԴ բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական հաստատության (բարձրագույն ուսումնական հաստատության) մասին տիպային կանոնադրությամբ, ՌԴ կրթության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության նորմատիվ իրավական ակտերով, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Կանոնադրությամբ: Կրթական գործունեությունից զատ այլ տեսակի գործունեություն իրականացնելիս համալսարանը ղեկավարվում է ՀՀ օրենսդրական ակտերով և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Կանոնադրությամբ: ՀՌՀ Կանոնադրության նախնական տարբերակը հաստատվել է 2000 թվականի մարտի 24-ին ՌԴ և ՀՀ կրթական գերատեսչությունների ղեկավարների կողմից: Հետագայում` 2006 թվականի նոյեմբերի 14-ին, Կանոնադրությունը նոր խմբագրումներով հաստատվեց ՌԴ կրթության հարցերով դաշնային գործակալության ղեկավար Գ. Բալիխինի և ՀՀ կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի կողմից:

Համալսարանը պետք է լինի ռուսական կրթության, գիտության և մշակույթի կենտրոն Հայաստանի Հանրապետությունում և ամբողջ անդրկովկասյան տարածաշրջանում: ՀՌՀ-ի առաջնային խնդիրը բարձր որակավորում ունեցող և ձեռք բերած գիտելիքներն աշխարհի ցանկացած վայրում կիրառելու ունակ, Հայաստանի և Ռուսաստանի միջև անխզելի կապերի կարևորությունը գիտակցող, իրենց հայրենիքին նվիրված մասնագետների պատրաստումն է:

Այսօր, երբ հայերի երեք քառորդն ապրում է արտերկրում, ՀՌՀ-ի կարևորագույն խնդիրներից մեկը Սփյուռքի մերձեցումն է Հայաստանին: ՀՌՀ ընդունվողների տարեկան 25%-ը կազմում են ԱՊՀ երկրներից (առաջին հերթին Ռուսաստանից, որտեղ էլ գտնվում է ամենամեծ հայկական համայնքը, ինչպես նաև Վրաստանից, Թուրքմենստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Ղրղզստանից) և հեռավոր արտերկրից եկած ուսանողները: Ընդ որում, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Վրաստանի հայազգի քաղաքացիները հնարավորություն ունեն ՀՌՀ ընդունվել ընդհանուր հիմունքներով, պետպատվերի շրջանակներում: Տարածաշրջանում ռուսական մշակույթի օջախի դերն ստանձնելուց զատ ՀՌՀ-ն իր առջև դրել է նաև մի շարք այլ խնդիրներ, այն է` սփյուռքի հայերին մասնակից դարձնել սեփական մշակույթին, կանխել ձուլումը, ապահովել կապը հայրենիքի և տարագիրների կրտսեր սերնդի միջև և պայմաններ ստեղծել նրանց վերադարձի համար:

Վերջնական որակավորում անցած ՀՌՀ-ի ուսանողներին որակավորման պետական հանձնաժողովի որոշմամբ շնորհվում են ստացած մասնագիտությանը համապատասխան որակավորում և ՌԴ ու ՀՀ պետական նմուշի դիպլոմներ առ այն, որ նրանք ավարտել են համալսարանը. տրվում է նաև դիպլոմի հավելված, որում նշվում են ուսանողի` ՀՌՀ-ում սերտած բոլոր առարկաների գնահատականներն ու ժամաքանակը:

Համալսարանն իր առջև խնդիր է դրել պատրաստելու այնպիսի որակավորում ու գիտելիքների մակարդակ ունեցող մասնագետներ, որոնք համապատասխանեն նոր դարաշրջանի պահանջներին: Այդ նպատակին են ծառայում համալսարանում գիտական դպրոցներ ձևավորելուն, համալսարանը միջազգային համագործակցության անդամ դարձնելուն և ռուսական ու արտասահմանյան առաջատար ուսումնական հաստատությունների հետ սերտ կապեր հաստատելուն միտված աշխատանքները:

ՀՌՀ-ում ուսուցումն իրականացվում է ռուսական կրթական չափորոշիչների հիման վրա կազմված ծրագրերով` միաժամանակ պարտադիր կերպով ներառելով ազգային բաղադրիչը:

ՀՌՀ-ում ուսումնակրթական գործընթացը լավագույնս ապահովելու նպատակով հրավիրվել են Հայաստանի ամենափորձառու և վաստակաշատ դասախոսները: Համալսարանի հետ համագործակցում են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Ս. Համբարձումյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռ. Մարտիրոսյանը, Է. Ղազարյանը, Վ. Բարխուդարյանը, Ա. Գրիգորյանը, Ա. Թալալյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ի. Զասլավսկին և այլք, ընդ որում նրանցից շատերը ՀՌՀ-ի Գիտական խորհրդի անդամներ են: 2003 թվականից ի վեր իրականացվում է մի ծրագիր, որի շրջանակներում ՌԴ առաջատար մասնագետները` ռուսական բուհերի պրոֆեսորները, դասախոսելու նպատակով հրավիրվում են ՀՌՀ: Այս ծրագրի շրջանակներում 2003-2004 թվականներին ՀՌՀ են այցելել ՌԴ կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտոր Վ. Մաուն, Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի ռեկտոր Ռ. Ստրոնգինը, նույն համալսարանի հեռահար ուսուցման գծով պրոռեկտոր Ա. Կոլդանովը, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի մերձավոր արտերկրի բաժնի ղեկավար Ա. Սկակովը, ՄՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի դեկան Ա. Գոլիչենովը, նույն ֆակուլտետի պրոֆեսոր Ս. Ավագյանը և դոցենտ Գ. Դավիդյանը, ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ(Հ)-ի պրոֆեսորներ Յու. Կոբալաձեն և Վ. Դեգոևը, ՌԴ զինված ուժերի Համաբանակային ակադեմիայի պրոֆեսոր Ա. Գերասիմովը, Ն. Բաումանի անվան ՄՊՏՀ-ի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Վ. Պուսկոն, ՄՊՀ-ի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի պրոֆեսորներ Ս. Կուզնեցովը, Գ. Կոբելկովը, Ռ. Պոդլովչենկոն, Վ. Լեոնտևը, ՄՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորներ Մ. Կուլակովը և Մ. Օսմովան, ՄՊՀ-ի բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր Լ. Զլատոուստովան, ՄՊՀ-ի լրագրության ֆակուլտետի պրոֆեսորներ Ա. Տերտիչնին և Գ. Լազուտինը, «ՆԻԳ» անկախ հրատարակչական տան գլխավոր տնօրեն, «Ռոսիյսկայա գազետայի» քաղաքական մեկնաբան, «Պոլիտիչեսկի կլասս» ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ(Հ)-ի պրոֆեսոր Վ. Տրետյակովը, Շչուկինի անվան թատերական ինստիտուտի ռեկտոր Ե. Կնյազևը և ուրիշներ:

Հայ-ռուսական համալսարանի «Իրավագիտություն», «Պետական և մունիցիպալ կառավարում», «Լրագրություն» մասնագիտություններով առաջին ընդունելությունն իրականացվեց 1999 թվականի փետրվարին: 1999 թվականի ամռանը ՀՌՀ մասնագիտությունների ցանկը համալրվեց ևս չորս արտոնագրված մասնագիտություններով` «Քաղաքագիտություն», «Համաշխարհային տնտեսագիտություն», «Սոցիալ-մշակութային ծառայություններ և զբոսաշրջություն», «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա», իսկ 2002 թվականի սեպտեմբերից` «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ: 2003 թվականի սեպտեմբերից ՀՌՀ-ում իրականացվում է «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա», իսկ 2004 թվականի սեպտեմբերից` «Բժշկական կենսաքիմիա» մասնագիտությունների ուսուցում: 2005 թվականին ընդունելություն է անցկացվել «Հոգեբանություն», «Օտար լեզուների և մշակույթների դասավանդման տեսություն և մեթոդիկա», «Բանասիրություն», «Կենսաճարտարագիտություն և կենսաինֆորմատիկա» մասնագիտություններով: 2007 թվականից առկա են նաև հետևյալ մասնագիտությունները` «Գովազդ», «Տարածաշրջանությունն»

Առաջին երկու տարիների ընթացքում համալսարանում գործում էր մեկ հանրակրթական ֆակուլտետ: Սակայն ուսանողների և դասախոսների քանակի ամենամյա ավելացման հետևանքով անհրաժեշտություն առաջացավ որոշակի փոփոխությունների ենթարկել համալսարանի կառուցվածքը: Ներկայում ՀՌՀ-ի ֆակուլտետների և ամբիոնների ձևավորման գործընթացն ավարտված է: 2005-2006 ուսումնական տարում համալսարանի ուսանողների թիվը հասավ 2207-ի: Համալսարանն անցել է կրթության երկաստիճան համակարգի` բակալավրիատ (4 տարի) և մագիստրատուրա (2 տարի):

ՀՌՀ-ում մասնագետների նախապատրաստումն իրականացնում են գիտամանկավարժական բարձրակարգ կադրերով համալրված 32 ամբիոններ: Մասնագետների մեծ մասն ունի գիտությունների դոկտորի և թեկնածուի աստիճան, պրոֆեսորի և դոցենտի կոչում:

Համալսարանին կից գործում է հոգաբարձուների խորհուրդ, որի համանախագահը ռուսական կողմից ՌԴ Պետական դումայի նախագահի նախկին տեղակալ, Կալինինգրադի մարզի նահանգապետ Գ. Բոոսն է, իսկ հայկական կողմից` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսակագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Հոգաբարձուների խորհրդի կազմում են նաև ՀՀ և ՌԴ գործադիր իշխանության մարմինների, ձեռնարկատիրական, ֆինանսական, գիտական և մշակութային շրջանակների, զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների և ասոցիացիաների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների (անկախ սեփականության ձևերից) մի շարք ականավոր ներկայացուցիչներ:

Հոգաբարձուների խորհուրդը կոչված է աջակցելու ՀՌՀ-ի Գիտական խորհրդին և ռեկտորատին հետևյալ ծրագրերի իրականացման գործում. համալսարանի զարգացումը, որի նպատակն է բուհում ձևավորել մի յուրօրինակ կենտրոն, որը ոչ միայն բարձր որակավորում ունեցող մասնագետներ կնախապատրաստի, այլև կամրապնդի և կզարգացնի ռուս-հայկական հումանիտար կապերը, կանոնադրական գործունեության իրականացումը, ինչպես նաև համալսարանի նյութատեխնիկական բազայի պահպանման և զարգացման համար համալսարանին դրամական աջակցության տրամադրումը:

Համալսարանում ակտիվ գիտահետազոտական աշխատանք է կատարվում. ՀՌՀ-ի յուրաքանչյուր ամբիոնի գիտական գործունեության ծրագրումն ու հաշվետվությունը կազմակերպված բնույթ է կրում. անցկացվում են տարբեր թեմաներով գիտաժողովներ ու սեմինարներ ինչպես ՀՌՀ-ի, այնպես էլ Հայաստանի և ԱՊՀ երկրների այլ բուհերի ուսանողների և դասախոսների մասնակցությամբ: ՀՌՀ-ի ուսանողների լավագույն աշխատանքներն ուղարկվում են ՌԴ` կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող ամենամյա մրցույթներին:

2002 թվականին ՀՌՀ-ում ձևավորվել և առ այսօր գործում են գիտահետազոտական խմբեր. «Նանոյի և օպտոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ» (ղեկավար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է. Ղազարյան), «Շուկայական բարեփոխումներ և տնտեսության պետական կարգավորում» (ղեկավար` տ.գ.թ. Է. Սանդոյան):

ՀՌՀ-ի ապագա շրջանավարտներին հնարավորություն է ընձեռնվում ուսումը շարունակելու Ռուսաստանի և այլ երկրների բուհերում: 2002 թվականից ՀՌՀ-ում գործում է ասպիրանտուրա: Այսօր ասպիրանտուրայում ուսուցում է իրականացվում 17 մասնագիտություններով:

ՀՌՀ-ում գործում է կարիերայի կենտրոն, որի նպատակն է բարձրացնել ուսանողների մասնագիտական հմտությունների մակարդակը և օգնել նրանց գտնելու այնպիսի աշխատանք, որը հնարավորություն կընձեռնի ընտրած մասնագիտության միջոցով լիարժեքորեն ինքնադրսևորվելու համապատասխան բնագավառում: Կենտրոնն օգնում է ուսանողներին ճանաչել ընտրած մասնագիտության առանձնահատկությունները և իրենց կարիերային առնչվող կարևորագույն որոշումներ ընդունել, ինչպես նաև աջակցում է աշխատանքի որոնման և ընդունման հարցում:

Ուսումնական գործընթացի կազմակերպման առաջնային խնդիրներից մեկն էլ բուհի ապագա ուսանողների նախապատրաստումն է: Նախաբուհական կրթության կենտրոնը համալսարանի ստորաբաժանումներից է և զբաղվում է ՀՌՀ և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել պատրաստվող հանրակրթական հաստատությունների (դպրոցների, քոլեջների, վարժարանների) աշակերտների գիտելիքների խորացմամբ և պատրաստվածության մակարդակի բարձրացմամբ:

2002-2004 թվականների ընթացքում հիմք է դրվել ՌԴ և ՀՀ մի շարք առաջատար ուսումնական և գիտական կառույցների համագործակցությանը: Այսօր արդեն համագործակցության պայմանագրեր են կնքված Հայ-ռուսական համալսարանի և ՌԴ 57 առաջատար բուհերի և այլ հաստատությունների միջև: Դրանցից կարելի է առանձնացնել Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) հետ կնքված «Գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին» պայմանագիրը, Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) հետ կնքված «Գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին» պայմանագիրը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի հետ կնքված «Համագործակցության մասին» համաձայնագիրը, Մոսկվայի Ն.Է. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի հետ կնքված «Համագործակցության մասին» պայմանագիրը, ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության հետ կնքված «Համագործակցության» համաձայնագիրը, Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի հետ կնքված «Համագործակցության» պայմանագիրը, Սանկտ-Պետերբուրգի «Մշակույթի և կրթության հիմնադրամի» հետ կնքված «Կրթության ոլորտում համագործակցության մասին» պայմանագիրը և մի շարք այլ պայմանագրեր ու համաձայնագրեր:

Համալսարանին կից գործում է ՀՌՀ-ի հրատարակչությունը: Հրատարակչությունում հրատարակվել են գրքեր` կառավարման և մշակույթի, ռուս գրականության պատմության, իրավագիտության, քաղաքագիտության, ինֆորմատիկայի, մեխանիկայի, կրթության կառավարման, հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրքեր, գեղարվեստական գրականություն և հրապարակախոսություն, ՀՌՀ-ում դասավանդվող առարկաների ուսումնամեթոդական ձեռնարկներ:

ՀՌՀ հրատարակչությունում լույս են տեսել ռուս դասականների գրական ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ` Ֆ. Դոստոևսկու «Դևեր» և «Գրառումներ մեռյալ տնից» գործերը, Մ. Բուլգակովի «Սպիտակ գվարդիա» վեպը և այլն:

Համալսարանին կից գործում է Ռուս բանասիրության ինստիտուտը, որի գիտական ղեկավարն է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Գրիգորյանը: Ինստիտուտի կազմից են «Ռուս-հայկական համատեքստ» գիտահետազոտական խումբը, գեղարվեստական թարգմանության կենտրոնը, բառարանագրության կենտրոնը, ռուսագետների վերապատրաստման կենտրոնը, ռուսական մշակույթի քարոզչության կենտրոնը, ինչպես նաև ՀՌՀ-ի առաջին ռեկտոր, ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի անվան գրական և մշակութային նախաձեռնությունների կենտրոնը, որը մեծ ավանդ ունի ռուս-հայկական փոխհարաբերությունների զարգացման գործում:

2004 թվականից ՀՌՀ-ում գործում է Անընդմեջ կրթության ինստիտուտը, որի գործունեության հիմնական ուղղություններն են ուսուցման հեռահար մեթոդների միջոցով կրթական գործընթացի կազմակերպումը, մասնագետների վերապատրաստումը և որակավորման բարձրացումը: ՀՌՀ-ի գրադարանի գրքային ֆոնդն անընդհատ համալրվում է ժամանակակից գիտաուսումնական գրականության նոր հրատարակություններով: Գոյություն ունի գրականության որոնման համակարգ` տվյալների էլեկտրոնային բազա և քարտարաններ, որոնցում արդեն մուտքագրված են ավելի քան 23.500 գրքի տվյալներ: Համալսարանի էլեկտրոնային գրադարանն իր ընթերցողներին առաջարկում է նաև ցանցային ծառայություններ (Հայաստանի Էլեկտրոնային գրադարանների կոնսորցիում): Համալսարանում գործում են տասնչորս համակարգչային լսարաններ և երկու լեզվաբանական լաբորատորիաներ:

2004 թվականին հիմնովին ավարտվել է բուհական շենքի վերակառուցումը: Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՌՀ-ի Երախտագիտության պուրակի հանդիսավոր բացման արարողությունը: Այն պետք է խորհրդանշի ռուս-հայկական բարեկամության անցյալը, ներկան և ապագան, հարյուրամյակների ընթացքում բյուրեղացած պատմամշակութային արժեքների և այլնի ընդհանրությունը: Բացման օրը պատահաբար չի ընտրված. ՀՌՀ-ի Գիտական խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 15-ը հաստատվել է որպես Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի օր:

2005 թվականի սկզբին շահագործման հանձնվեց ՀՌՀ-ի մշակույթի տունը, իսկ 2009 թվականից արդեն գործում է ՀՌՀ-ի բաց մարզահամալիրը: Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը շնորհում է հիշատակի ոսկե մեդալ` «Ադամանդահուռ ձիթենու ճյուղ»: Մեդալի մասին կանոնադրության համաձայն այն շնորհվում է տարեկան մեկ, իսկ բացառիկ դեպքերում` երկու անգամ: Մեդալին կարող են արժանանալ գրականության, մշակույթի գործիչներ, քաղաքական գործիչներ, ձեռներեցներ, մի խոսքով մեր երկու երկրների ու ժողովուրդների նվիրյալներ:

Անդրանիկ մեդալը 2001 թվականի ապրիլին շնորհվել է Վլադիմիր Սպիվակովին ռուսական մշակույթի զարգացման գործում նրա ունեցած ավանդի, ինչպես նաև ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանին օգնության ձեռք մեկնելու և երաժշտական տաղանդով օժտված հայ պատանիներին ցուցաբերած երկարամյա հովանավորության համար:

Երկրորդ մեդալը շնորհվել է Լյուդմիլա Պուտինային 2002 թվականի ապրիլին` Հայ-ռուսական համալսարան նրա կատարած այցի ընթացքում: Բացի դրանից ՀՌՀ Գիտական խորհրդի որոշմամբ հիշատակի ոսկե մեդալ է շնորհվել բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին և Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն Վալերի Գեորգիևին:

Հայ-ռուսական համալսարանը շնորհում է նաև ՀՌՀ Պատվո շքանշան գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, գրականության, քաղաքականության, ձեռնարկատիրության բնագավառների առավել ակնառու գործիչներին, որոնք իրենց ավանդն են բերել ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունների կայացման, ամրապնդման և զարգացման, ռուս և հայ ժողովուրդների միջև բարեկամության սերտացման, ինչպես նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի` որպես Հայաստանի Հանրապետությունում և ամբողջ տարածաշրջանում ռուսական կրթության և մշակույթի կենտրոնի զարգացման գործում: 2002-2005 թվականներին ՀՌՀ Պատվո շքանշան է շնորհվել ՌԴ վարչապետ Մ. Կասյանովին, ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովին, ՀՀ արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանին, Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովին, Երևանի նախկին քաղաքապետ Ե. Զախարյանին, ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ե. Պրիմակովին, ՌԴ Պետական դումայի պատգամավոր, «Ռուսաստան-Հայաստան» համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ն. Ռիժկովին, ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վ. Զորկինին, Մոսկվայի Կենտրոնական վարչական տարածքների ոստիկանապետեր Գ.Դյոգտևին և Ս. Բայդակովին, ՌԴ Սարատովի մարզի նահանգապետ Դ. Այացկովին, Ռոստովի մարզի նահանգապետ Վ. Չուբին, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ա. Դրյուկովին, ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Կ. Տոցկուն, Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի ռեկտոր Ռ. Ստրոնգինին, Ղրղզա-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Վ. Նիֆադևին, Հյուսիսային Օսիայի պետական համալսարանի ռեկտոր Ա. Մագոմեդովին, «Intermec Technologies» կորպորացիայի նախկին նախագահ, «Automatic Identification Technology Industry-ի» խորհրդական Մայքլ Օհանյանին (ԱՄՆ):

ՀՌՀ-ի Գիտական խորհրդի որոշմամբ համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել ՌԴ վարչապետ Մ. Կասյանովին, Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովին, ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ե. Պրիմակովին, ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆ. Սարգսյանին, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ա. Դրյուկովին, ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վ. Զորկինին:

Համալսարանի պատվավոր պրոֆեսորների թվում են ՌԴ կառավարությանն առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտոր Վ. Մաուն, Գիտությունների միջազգային ակադեմիայի բարձրագույն դպրոցի ակադեմիկոս, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Ս. Այվազյանը, «Անցումային շրջանի տնտեսագիտության ինստիտուտի» տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Ե. Գայդարը, ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ(Հ)-ի պրոֆեսոր Վ. Տրետյակովը, ՄՄՀՊԻ-ի պրոֆեսոր, «ՏՎՑ» հեռուստաալիքի «Հետգրության» ծրագրի հեղինակ և վարող Ա. Պուշկովը, Ուկրաինայի ԳԱԱ Գ. Սկովորոդայի անվան փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս Մ. Պոպովիչը: