Մեր մասինՀՌՀ-ի ռեկտորի ողջույնի խոսք

Ռեկտորի ողջույնի խոսքը
Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ Արմեն Դարբինյան

 

Ուրախ եմ ձեզ ողջունելու ՀՌՀ կայքէջում: ՀՌՀ-ի գոյության փաստն ինքնին կրթության ոլորտին ներգրավվելու փայլուն օրինակ է: Մեր կրթական ծրագրերում և ուսումնական գործընթացի կազմակերպման պրակտիկայում մենք փորձում ենք համատեղել Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների` ռուսական և հայկական գիտամանկավարժական փորձի լավագույն ձեռքբերումները` այն ամենը, ինչն առաջադեմ է, կատարյալ ու արժեքավոր: Իսկ Ռուսաստանի առաջատար համալսարանների և բուհերի հետ կնքված երկու տասնյակից ավելի պայմանագրերն ու համագործակցության ծրագրերը մեզ հնարավորություն են տալիս մշտապես տեղեկանալու ռուսաստանյան գիտության և կրթության ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին, մասնակցելու հիշյալ ոլորտի զարգացմանը, ստեղծելու և իրականացնելու կրթական ու գիտական համատեղ ծրագրեր: Այդ նպատակների իրագործման համար ստեղծվել է նաև տեխնիկական բազա. Հայ-ռուսական համալսարանը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել համակարգչային նորագույն սարքավորումներ, ինչով էլ կարելի է հպարտանալ, քանի որ մեր համակարգչային հագեցվածությամբ մենք այսօր կարող ենք մրցել Հայաստանի շատ բուհերի, նույնիսկ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ:

Համալսարանում աշխատում են առավելագույնս փորձառու և հմուտ մասնագետներ: Այնպիսի երիտասարդ բուհի դեպքում, ինչպիսին մեր համալսարանն է, դեռ վաղ է խոսել գիտական նվաճումների մասին: Սակայն միաժամանակ կցանկանայի նշել, որ համալսարանի բոլոր ամբիոնները, որոնք ձևավորվել են ֆակուլտետների և մասնագիտությունների հենքի վրա, ունեն իրենց գիտական ծրագրերը: Մենք արդեն մասնակցում ենք ինչպես ՌԴ կրթության նախարարության, այնպես էլ ՀՀ կրթության և գիտության նախարարության թեմատիկ ֆինանսավորման մրցույթներին:

Մենք աշխատում ենք ռուսաստանյան կրթական չափորոշիչներին համապատասխան, ուստի ուսուցումն իրականացվում է ռուսերեն: Սակայն ուշարժան է այն փաստը, որ կրթության առաջին երեք տարիների ընթացքում իրականացվում է հայոց լեզվի խորացված ուսուցում: Բացի այդ բարձր կուրսերի բոլոր ուսանողներին նաև հայերենով մասնագիտական գիտելիքներ ստանալու հնարավորություն է ընձեռնվում: Ողջ ուսումնական գործընթացը սկզբնապես միտված է մեր ապագա մասնագետների` Հայաստանում աշխատելուն: Դրա համար էլ, դիցուք, ապագա իրավաբանը պետք է ոչ միայն լոկ իմանա Հայաստանի օրենքները, այլև կարողանա ողջ դատավարությունն իրականացնել հայերեն: Այսպիսով, բոլոր ուսանողներն ունեն իրական հնարավորություն աշխատելու ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, քանի որ նրանք ստանում են և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ռուսաստանի Դաշնության պետական նմուշի դիպլոմներ: