Մեր մասինԲոլոնյան գործընթաց

ԲՈԼՈՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

 

Բոլոնյան գործընթացի նպատակը բարձրագույն կրթության միասնական եվրոպական տարածքի ստեղծումն է եվրոպական երկրների կրթական համակարգերի մերձեցման ու ներդաշնակման ճանապարհով: Հիշյալ գործընթացը մեկնարկեց դեռ անցյալ հարյուրամյակի յոթանասունականների կեսին, երբ ԵԽ Նախարարների խորհուրդն ընդունեց կրթության ոլորտում համագործակցության մասին առաջին բանաձևը:

Գործընթացի սկիզբը պաշտոնապես համարվում է 1999 թվականի հունիսի 19-ը, երբ Բոլոնիա քաղաքում գումարված հատուկ գիտաժողովի ընթացքում 29 եվրոպական պետությունների կրթության նախարարներն ընդունեցին «Եվրոպական բարձրագույն կրթության տարածքը» կամ Բոլոնյան հայտարարագիրը: Հետագայում միջկառավարական հանդիպումներն անցնում էին Պրահայում (2001թ.), Բեռլինում (2003թ.), Բերգենում (2005թ.), Լոնդոնում (2007թ.) և Լուվենում (2009թ.): Այսօր Բոլոնյան գործընթացը միավորում է 46 երկիր:
Հայաստանը միացել է Բոլոնյան գործընթացին 2005 թվականին Բերգենում: Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքով սահմանված է հիմնական նպատակների իրականացման ժամկետը` 2010 թվականը: Շատ բուհեր որոշ առաջընթաց են գրանցել Բոլոնյան հայտարարագրի դրույթների կիրարկման գործում, սակայն համալիր մոտեցման մասին խոսելը դեռ վաղ է:

ՀՌՀ-ում Բոլոնյան գործընթացի դրույթների ներդրման և կիրառման ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են դեռ 2004 թվականին, ինչի արդյունքում բուհում ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքները զգալիորեն փոփոխվել են, մասնավորապես, ներդրվել է ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման Եվրոպական համակարգի վրա հիմնված կրեդիտավարկանիշային համակարգը (ECTS – European Credit Transfer System):

Ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացվում է ուսանողների գիտելիքների անընդհատ գնահատում և վերահսկման համակարգի կիրառում ենթադրող մոդուլային սկզբունքով: Համալսարանում ուսուցանվող կրթական ծրագրերի ու մասնագիտությունների հիմնական մասի դասավանդման ընթացքում գործում է կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ-մագիստրատուրա:

Կրթության որակի կառավարման համակարգի ապահովման նպատակով մշակված են նորմատիվ և մեթոդաբանական հիմունքներ, գործընկեր-համալսարանների հետ գործող պայմանավորվածությունների և երկկողմ համաձայնագրերի շրջանակներում իրականացվում են ուսանողների (մագիստրոսների, ասպիրանտների) շարժունության տարբեր ծրագրեր:

2008 թվականից ՀՌՀ-ում` անկախ կրթական ծրագրից (բակալավրիատ, մագիստրատուրա, հնգամյա ուսուցում) տրվում է ՀՌՀ դիպլոմի /-ից բացի տրվումէ նոև/ Եվրոպական ներդիր այն ուսանողներին, որոնք նման ցանկություն են հայտնում:

Մշակված և կիրառվում է նաև կրթության կրեդիտային համակարգի և ուսանողների ակադեմիական առաջադիմության վարկանիշային գնահատման անցնելու հետ կապված որոշ ֆինանսական հարցերի կարգավորման նորմատիվ հիմնավորում, այն է` բարձր ակադեմիական առաջադիմություն ունեցող ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման տարբերակված համակարգ, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում սովորող ուսանողների պետական ակադեմիական կրթաթոշակներին հավելավճարների տարբերակված համակարգ:

Մշակված են.

  • կրեդիտավարկանիշային համակարգի շրջանակներում պրոֆեսորադասախոսական համակազմի խրախուսման` աշխատանքի տարբերակված գնահատման և հատուցման համակարգի կիրառման նորմատիվ մեթոդական բազա, ինչպես նաև հիշյալ համակարգի`ուսանողների կողմից վարկանիշային գնահատման համակարգ
  • համալսարանի ներքին միասնական չափորոշիչ և առարկայական ուսումնական ծրագրեր կազմելու համապատասխան կանոնակարգ:

Եվրոպական կրթական տարածքում մերձեցման գործընթացի զարգացման համատեքստում իրականացվում են նաև տարբեր համատեղ կրթական ծրագրեր, հաստատվում են սերտ կապեր ՀՌՀ-ի և ռուսաստանյան ու արտասահմանյան առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: