Մեր մասինՈւսանողական կյանք

ՀՌՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

ՀՌՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ >>>

ՀՌՀ-ում ուսանողական կյանքը հետաքրքիր է և բազմազան: Ակտիվ գործունեություն են ծավալում Ուսանողական միությունը և Ուսանողական գիտական միությունը: Շրջանավարտների միությունը համախմբել է իր շարքերում մեր բուհի լավագույն շրջանավարտներին: ՀՌՀ Երիտասարդ գիտնականների միությունն անում է իր առաջին, սակայն վստահ քայլերը:

Համալսարանում տիրող ստեղծագործական մթնոլորտը սնուցող միջավայր դարձավ ՀՌՀ-ում տարատեսակ ուսանողական խմբակների և ակումբների բացման համար: Համալսարանում ձևավորվել և գործում են լիակատար, լիաթոք կյանքով Ուսանողական թատրոնը, Ուրախների և հնարամիտների ակումբը, "Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ" ակումբը, Կինոակումբը, Ֆոտոակումբը, Բնապահպանական ակումբը, Ուսանողական երգչախումբը, Ժողովրդական պարի ակումբը: Ամեն տարի մեծ հաջողությամբ անցնում են "Տարվա լավագույն ֆակուլտետ", "Միսս ՀՌՀ" մրցույթները: ՀՌՀ ուսանողներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում միջբուհական մարզական մրցումներին: ՀՌՀ-ում գործում է Մարզական ակումբը: Ուսանողները կարող են մարզվել ֆուտբոլի, բասկետբոլի, լողի, շախմատի, բռնցքամարտի և հունահռոմեական ըմբշամարտի խմբակներում: ՀՌՀ մարզական կոլեկտիվները Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար անցկացվող սպարտակիադաների հաղթողներ և մրցանակակիրներ են: ՀՌՀ-ում գործում է ուսանողների իրավունքներն ու շահերը պաշտպանող օմբուդսմենի ինստիտուտը:

ՀՌՀ-ում գործում է ուսանողների բարձր առաջադիմության խրախուսման ճկուն համակարգ: Կրթաթոշակն ավելանում է յուրաքանչյուր` գերազանց միավորներով հանձնված քննաշրջանի արդյունքների ամփոփումից հետո: Բացի համալսարանի արտաբյուջետային միջոցներից հատկացվող դրամական նպաստներից գերազանցիկները կարող են ստանալ Ռուսաստանի Դաշնության նախագահի կրթաթոշակ, Ռուսաստանի Դաշնության կառավարության կրթաթոշակ, Մոսկվա քաղաքի Կենտրոնական վարչական տարածքի պրեֆեկտուրայի, Մոսկվա քաղաքի քաղաքապետ Յու.Մ. Լուժկովի կրթաթոշակ, "Բարեկամություն" կրթաթոշակ, "Հայկական սփյուռքը` հայ ուսանողությանը" կրթաթոշակ, ակադեմիկոս Լ. Մկրտչյանի անվան կրթաթոշակ: Համալսարանում գործում է նաև վճարովի համակարգում գերազանց սովորող ուսանողների խրախուսման համակարգ: Գերազանց առաջիմությամբ ավարտելով կիսամյակը` ուսանողը հնարավորություն է ստանում ուսման վարձի փոխհատուցման ծավալի ավելացման, իսկ գերազանց առաջադիմությամբ չորրորդ կիսամյակից հետո համալսարանը կարող է որոշում ընդունել գերազանց առաջադիմությամբ ուսանողների ուսման վարձի հարյուրտոկոսանոց փոխհատուցման:

ՀՌՀ-ում արդյունավետ գործունեություն է ծավալում հաջող գիտական գործունեությամբ զբաղվող ուսանողներին միավորած Ուսանողական գիտական միությունը: ՀՌՀ ուսանողները պարբերաբար մասնակցում են ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մասշտաբի գիտաժողովներին, ֆորումներին, մրցույթներին և կլոր սեղանների քննարկումներին` մրցանակային տեղեր գրավելով. ՀՌՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները Ժան Պիկտեի անվան Միջազգային հումանիտար իրավունքի միջազգային մրցույթի (Շվեյցարիա), Ֆիլիպ Ջեսապի անվան Միջազգային իրավունքի միջազգային դատավարական խաղի (Վաշինգտոն), Միջազգային հումանիտար իրավունքի "Երիտասարդությունը խաղաղության կողմնակից է" օլիմպիադայի ամենամյա մասնակիցներ ու հաղթողներ են: Լրագրության ֆակուլտետի ուսանողները պատվով գրավեցին առաջին տեղը EJC (Եվրոպական Լրագրության Կենտրոնի) և MLI (Media & Law Institute)-ի կողմից կազմակերպված հետազոտող-լրագրողների մրցույթում և վերապատրաստում են անցնում Հոլանդիայում: Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողները հաջող մասնակցություն են ցուցաբերում Հայաստանի և Ռուսաստանի ծրագրավորման ամենամյա Ամառային դպրոցներում և Գավաթներում, բազմիցս պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության նախագահի և "Սինոպսիս-Հայաստան" ՓԲԸ տեղեկատվական տեխնոլոգիաների մրցույթների առաջին մրցանակներով (2008 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտի ՀՀ նախագահի գլխավոր մրցանակի` մրցույթի Գրան պրիի արժանացավ ՀՌՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Նարեկ Սուրենի Սարիբեկյանը): Իրենց լավագույնս դրսևորում են ՀՌՀ համեմատաբար ավելի "երիտասարդ" ֆակուլտետների` բժշկա-կենսաբանական ֆակուլտետի (Չաիլյան Գոռ), բանասիրության, հոգեբանության, օտար լեզուների և ռեգիոնագիտության ֆակուլտետների տաղանդավոր ուսանողները: Միջազգային ուսանողական գիտաժողովներին ու սիպոզիումներին ներկայացված նրանց զեկույցները, ելույթներն ու հետազոտությունները բազմիցս արժանացել են բարձր գնահատականի և հավանության: