Նորություններ«Բարձրագույն կրթության միջազգայնացումը. միտումներ և մարտահրավերներ»

29.09.2017
Հայ-Ռուսական համալսարանում անցկացվեց Միջազգային համաժողով «Բարձրագույն կրթության միջազգայնացումը. միտումներ և մարտահրավերներ» խորագրով:
 
Համաժողովի շրջանակներում մասնակիցները ներկայացրեցին Հայաստանի, Բելառուսի  և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացման մակարդակի վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները, քննարկվեց Հայաստանում բուհական համակարգի միջազգայնացման զարգացման միտումները և հնարավորությունները։
 
Հայաստանը ծրագրում ներկայացնում են ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Հայ–Ռուսական համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը։ Համաժողովին մասնակցեցին  60-ից ավելի ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից:  Միջոցառումը անց է կացվում «Բարձրագույն կրթության, գիտության և նորարարության ոլորտում համապարփակ միջազգայնացման ռազմավարությունների ներդաշնակեցմանը ուղղված մոտեցումների մշակում» Էրազմուս+ ծրագրի շրջանակներում։ Սեվիլիայի համալսարանի (Իսպանիա) գլխավորությամբ ծրագրում մասնակցում են 14 գործընկերներ Անգլիայից, Բելառուսից, Իսպանիայից, Իտալիայից, Հայաստանից, Հունաստանից, Պորտուգալիայից և Ռուսաստանից, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի Կրթության և գիտության նախարարությունները։
 
Կրթության և գիտության նախարարության միջազգային բաժնի ղեկավար Անգելինա Հովհաննիսյանը կարևորեց այն, որ հայկական բուհերի միջազգայնացման գործընթացը բավականին տարաբնույթ է, և ծրագրի կետերից մեկն է համագործակցումը արտերկրյա  լավագույն բուհերի հետ, փորձի փոխանակումը, համատեղ ակադեմիական ծրագրերի մշակումը կրկնակի դիպլոմների տրամադրմամբ”:
 
Հայ-ռուսական համալսարանի Միջազգային համագործակցության վարչության ղեկավար Սյուզաննա Շամախյանի խոսքով՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս + HARMONY ծրագրի շրջանակներում իրականցվել է հետազոտություն Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի բուհական համակարգերի միջազգայնացման ոլորտում և վեր են հանվել հիմնական խնդիրները։ «Այսօր Հայաստանը ունի մեծ ներուժ կրթության արտահանման ոլորտում, սակայն դա իրականացնելու համար հարկավոր է իրականացնել հստակ քայլեր բուհական համակարգում առկա ռեսուրսների համախմբման և բուհերի խթանման մեթոդների բարելավման ուղղությամբ», - նշում է նա: