ՆորություններՀայ-Ռուսական համալսարանը 20 տարեկան է

15.09.2017
Սեպտեմբերի 15-ին Հայ-Ռուսական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի Հանդիսավոր նիստ՝ նվիրված Համալսարանի 20-ամյա Հոբելյանին: Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
 
«Իր հիմնադրման առաջին իսկ տարիներից համալսարանը դարձել է մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում լավագույններից մեկը: Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք այսօր մեկ անգամ ևս հիշել համալսարանի առաջին ռեկտոր, երջանկահիշատակ Լևոն Մկրտչյանին, ով հսկայական վաստակ ունի նորագույն ժամանակաշրջանում հայ-ռուսական բարեկամությունը ամուր պահելու շնորհակալ գործում: Նա ոչ միայն ջատագովն էր, այլ նաև մշակն էր այդ գաղափարի, և կարծում եմ, որ նրա գործունեության պսակը դարձավ հենց Հայ-ռուսական համալսարանի հիմնադրումը: Ուրախ եմ, որ համալսարանը տարիների ընթացքում ամրացավ, առնականացավ և այսօր էլ շարունակում է մնալ մեր լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում: Ուրախ եմ, որ այսօր համալսարանում առկա է գիտելիքի կարոտ և գիտելիքը գնահատող ուսանողություն, բանիմաց պրոֆեսորադասախոսական կազմ և հմուտ ու մեծ մասնագիտական և քաղաքական ուղի անցած ղեկավարություն: Դահլիճում նստած շատ-շատերի հետ ես աշխատել եմ և ներսից գիտեմ այն դժվարությունները, որ ժամանակի ընթացքում հաջողվել է հաղթահարել», - նշեց Նախագահ Սերժ Սարգսյանը: (>>)
 
Իր ելույթում Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը խորին շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին. «Հայ-Ռուսական համալսարանի հաջողությունների համար շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Կառավարությանը, Ռուսաստանի Դաշնությանը. այս 20 տարիների ընթացքում մշտապես զգացել ենք նրանց կողմից աջակցությունը և համագործակցությունը: Կարող եմ փաստել, որ դրանց արդյունքում է ստեղծվել և կայացել մի շատ հետաքրքիր և բազմաբովանդակ կրթագիտական ու մշակութային կենտրոն, որը իր նմանը չունի Հանրապետությունում: Այն արտացոլում է թե՛ հայ մշակույթի, պատմության և գիտության լավագույն ձեռքբերումները, թե՛ ռուսական լավագույն ավանդույթները»:
 
Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի ուղեկցությամբ Նախագահը ծանոթացավ համալսարանական պայմաններին, գիտական և տեխնոլոգիական լաբորատորիաների աշխատանքներին և գիտական արդյունքներին, իր նմանակը չունեցող Սպորտային համալիրին, վերջերս շահագործման հանձնված Համալսարանին կից «Ուսմունք» հենակետային դպրոցի ֆուտբոլային դաշտին, hամալսարանի նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքներին:
 
Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 15-ին Հայ-Ռուսական համալսարանում տոնվում է  բուհի Օրը. այդ օրը պատահական չէ ընտրված՝ 1999 թ. սեպտեմբերի 15-ին կայացավ hամալսարանի հիմնական մասնաշենքի բացումը: Ընդունված կարգի և ավանդույթի համաձայն՝ այդ օրը համալսարանը արժանին է մատուցում գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, հանրային ծառայության և հասարակական գործունեության ոլորտներում բարձր մասնագիտական չափանիշեր սահմանած և արդյունքներ ցուցաբերած անհատներին՝ հանձնելով նրանց «Տարվա Մարդ» անվանակարգով մրցանակները: Հոբելյանական տարում Տարվա Մարդ են ճանաչվել. գիտության ոլորտում՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արամ Պապոյանը, թատերական արվեստի ոլորտում՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արմեն Խանդիկյանը, երաժշտության ոլորտում՝ հայտնի կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, գեղանկարչության ոլորտում՝ ՀՀ Վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը, լրագրության ոլորտում՝ «Հայեր» Համահայկական մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը, սպորտի ոլորտում՝ Ունիվերսիադայի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը: «Դիվանագիտական աջակցություն» անվանակարգում Տարվա Մարդ է ճանաչվել Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր Դեսպան Իվան Վոլինկինը:
 
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Ճապոնիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Էյջի Տագուչի, Չինաստանի դեսպանատան խորհրդական Գո Յույ, Հայաստանի առաջատար բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ և բազմաթիվ այլ հյուրեր: 
 
Համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ,  գիտության և կրթության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ արժանացան պետական պարգևների: ՀՌՀ ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I-ին աստիճանի շքանշանով, ՀՌՀ պրոռեկտոր, Հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գագիկ Սարգսյանը պարգևատրվեց Երախտագիտության  մեդալով, լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմինե Սիմոնյանը պարգևատրվեց Մովսես Խորենացու մեդալով: Անանիա  Շիրակացու մեդալին արժանացան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մաթեմատիկայի ու մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Հայկ Ղազարյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մաթեմատիկայի ու մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ Գառնիկ Կարապետյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Բոնդարենկոն, ռեկտորի գլխավոր խորհրդական Արտավազդ Մելկիկյանը պարգևատրվեց «Աշխատանքային վաստակի համար» մեդալով: «Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան» պատվավոր կոչում շնորհվեց քրեական և քրեական դատավարության ամբիոնի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Սերժիկ Ավետիսյանին: